|
 ՍԿԶԲՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ԸՆԹԵՐՑԵԼ ՍԱ (ՍԵՂՄԵԼ) Վահրամ Սահակյանը ծնվել է շատ զգույշ...
Այդ արարքը նա կատարել է 1964 թվականի սեպտեմբերի 22-ի ժամը 23.50-ից մինչեւ սեպտեմբերի 23-ի 00.12-ը, 22 րոպեում։ Այսինքն՝ ճկունություն է ցուցաբերել այնքանով, որ ոչ մի համաստեղության տակ չի ծնվել, ու մինչ այսօր չի պատասխանում՝ «Դուք ԳԱՌ-ասկոպի ո՞ր նշանի տակ եք ծնվել» տափակ հարցին։ Բացի դրանից սեպտեմբերի 22-ը, թե 23-ը գիշերահավասարներ են, այսինքն գիշերն ու ցերեկը հավասար են։ Դա՝ հասկացողի համար։ Ասում են, որ նրա ծնունդը ժամանակի պահանջն էր։ Բայց հեղինակը, որը շատ է տարբերվում մեր այսօրվա հոգեբուժական հիվանդանոցի հաճախորդ հանդիսացող որոշ չակերտավոր կինոռեժիսորներից եւ հիվանդ դերասաններից՝ համաձայն չէ այդ մտքի հետ։ Ուղղակի պետք է իմանաս, երբ ծնվես, ինչու եւ ինչպես, այդքան բան։ Ունեցել է բարեկեցիկ մանկություն, երբ ցանկացել է՝ կերել է պաղպաղակ... Երբ ցանկանար՝ կքշեր հեծանիվ, բայց չի ցանկացել... Ի միջի այլոց, բոլոր էսօրվա մեծահարուստ կամ պաշտոնյա ռախիդները նման հնարավորություններ մանկության տարիներին չեն ունեցել, դրա համար էլ հիմա մեր ջանից են հանում (չնայած հետո կտեսնենք, թե ով ում ջանից ինչ կհանի)։ Անցանք առաջ։ Հինգ տարի սովորել է դպրոցում, գրիչ կամ մատիտ բռնել չի սիրել, ավելին չի բռնել։ Բոլորը կարծում էին, որ վերջ՝ էս երեխան ատրճանակ բռնելուց բացի, ուրիշ բան չի բռնի։ Բայց տանը հայտնվեց մի փոքրիկ գրամեքենա, երեխան սկսեց զբաղվել դրանով ու հիմա թե՛ ստեղնաշար է բռնում, թե՛ ատրճանակ, եւ թե՛ МУХА մակնիշի ականանետ... Այնուհետ նրանց ընտանիքը տեղափոխվել է քաղաքի մի ծայրից մյուս ծայրը՝ Աջափնյակից մինչեւ Չարենցի փողոց։ Բայց դպրոցը չի փոխել, քանի որ մայրը այդ դպրոցում էր աշխատում։ Այդ պատճառով էլ նա համարյա դադարեց դպրոց հաճախելուց, հիմնականում մնաց տանը, զբաղվեց ինքնակրթությամբ, կարդաց, լսեց երաժշտություն, ինչն էլ նրան ինչ-որ կերպ սարքեց մարդ։ Դպրոցն ավարտեց համարյա երեքներով... Բայց ի՞նչ անենք։ Մյուս գերազանցիկները հիմա յարմրկաներում (տոնավաճառներում) վարտիք են ծախում։ Դպրոցն ավարտելուց, ավելի շուտ չավարտելուց հետո՝ չգիտես թե ինչու ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Թե ինչ է արել այդ տարիներին՝ չի հիշում։ Մանր-մունր մանրապատումներ էր գրում, իբր թե բեմադրում եւ այլն... Ավելի շատ որպես դերասան, խաղում էր մյուս ուսանողների բեմադրությունները։ Ինստիտուտի միակ առավելությունն այն էր, որ Վահրամ Սահակյանը ծանոթացավ Վարդան Պետրոսյանի հետ, որն էլ թեեւ նկարիչ էր, բայց արդեն իր թատերական ջազ խմբակն էր ստեղծել ինստիտուտի ներսում։ Եվ դրա պատճառով, 1985 թվին նրանք միասին որոշեցին բացել մի երգիծական թատրոն։ Քանի որ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրությունը շատ օգնեց այդ նորաբաց թատրոնին, այն անվանվեց «Երիտասարդ ոզնիներ», ինչն էլ հետո, 1987 թվականին ստացավ պաշտոնական կարգավիճակ, դարձավ Հայաստանի առաջին տնտհաշվարկային, այսինքն՝ ոչ մի տեղից չսնվող թատրոնը ու կոչվեց «Ոզնիներ»։ Մինչեւ 1992 թվականը Վահրամ Սահակյանը «Ոզնիներ»-ում եղել է դերասան մանրապատումների եւ պիեսների հեղինակ։ 92-ին գրել է «Երեւան-Լոս Անջելոս» տեսաֆիլմի սցենարը։ 1992-ի հոկտեմբերից մինչեւ 1993-ի հոկտեմբերն անցկացրել է Փարիզում, ուր Վարդան Պետրոսյանի հետ նկարահանվել են «Ոզնիների» առաջին ֆիլմերը։ 1994-ից 1996 թվականը կրկին զբաղվել է տեսաֆիլմեր ստեղծելով։ 1996 թվականին գրել է «Խաթաբալադա» պիեսը։ 1997-ին, Վարդան Պետրոսյանի հետ միասին գրում է «Կես լուրջ, ութ ու կես կատակ» եւ «Մեր քեռին ձեր բակում» երգիծական շոու-ներկայացումները։ Այդ թվականներից սկսած եղել է «ԱՐ» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, պատրաստել է «Ոզնի-Շոու» անվանվող հաղորդաշարը։ 1999 թվականին գրել է «Ծերունին եւ սովը» դրաման, որը ցավոք, ինչ-ինչ տեխնիկական պատճառներով կարճ կյանք ունեցավ։ Այս բոլոր տարիների ընթացքում գրել է հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում եւ թերթերում։ Թարգմանել է Շարլ Ազնավուրի, ինչպես նաեւ որոշ ֆրանսիացի հեղինակների չափածո ստեղծագործություններ։ Հիմնել է VdigiStudio տեխնիկապես գերհարուստ ստուդիան, որը հիմա վերանվանվելով VSS՝ տեխնիկապես եւ որակապես միանգամայն տարբերվում է մյուս ստուդիաներից։ Նկարահանվել են բազմաթիվ հոլովակներ, ֆիլմեր եւ այլն... 2000 թվականին գրել է «Բարեւ, ես մնում եմ» կատակերգությունը (գլխավոր դերում՝ Աշոտ Ղազարյան)։ Այնուհետ, սկսում է աշխատել Mea Culpa («Իմ մեղքը») պիեսի վրա, որը՝ բեմադրվելով՝ 2002 թվականից ներկայացվում է մինչ այսօր։ 
Նույն ժամանակներում գրվել է նաեւ «Բուրատինո կամ Հյուսնի որդին» պիեսը։ Այն վերջապես կբեմադրվի 2006 թվականի սկզբներին, եւ կհանդիսանա որպես «Խաթաբալադա»/«Mea Culpa» եռապատման վերջաբան։ 2002 թվականին լույս է տեսնում «Սեւ աչքեր, ճերմակ սփռոց» սիրավիպակը։ 2005 թվականին լույս է տեսնում «Թերիները» էսսեների եւ հոդվածների ժողովածուն։ Այժմ աշխատում է «Ցմահ կախաղան» երեք հատորանոց պատմավեպի ստեղծման վրա։ Գրվում է նաեւ «ԱՆՀԱՆԳԻՍՏ ՈԳԻ» անվանվող մենաներկայացումը՝ միայն Հրանտ Թոխատյանի համար։ Նաեւ, հանրային հեռուստատեսության եւ «Շարմ» ընկերության համար գրում է «Հայկական տարբերակ» հաղորդման տեքստերը։ Մի քիչ իր մասին.
Ընտանեկան վիճակը՝ անհասկանալի։ Հոբբիները։ Համակարգիչ (աուդիո-վիդեո մոնտաժ), ինտերնետ եւ այլն... Օգտագործել եւ օգտագործում է միայն եւ միմիայն "Macindosh" տեսակի համակարգիչ (այնպես որ խնդրվում է "Windows"-ական file-երը Unicode ստանդարտով (2005 թիվն է, ի վերջո), հակառակ դեպքում դրանք հետ կուղարկվեն։ Երաժշտասեր է (մելոման), լսում է նոր ջազ, դասական եւ այլն, ունի CD-ների հսկայական հավաքածու։ Չի սիրում - ցածրախավ անձանց (կեղտոտ արյուն), ժողովուրդ բառը գործածող անասնակերպ «գործիչների» ու սեւ («հայկական») սուրճ։ Խմում է Էսպրեսո, երբեմն (2 տարին մեկ անգամ), մաքուր բժշկական սպիրտ եւ ոչ տեղական արտադարության հյութեր։ Ծխում է քիչ։ Գերադասում է "Mallboro Light" "Davidoff" ծխախոտներ, սիգարներից "Davidoff"-ի կարճ սիգարները։ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ եւ դիտեք նրա աշխատավայրը։ Սեղմեք ԱՅՍՏԵՂ եւ դիտեք, թե ինչպես է գրվում «Անհանգիստ ոգի»՝ մենաներկայացումը՝ Հրանտ Թոխաթյանի համար։ ՍԵղմեք ԱՅՍՏԵՂ եւ դիտեք, թե ինչպես է նորացվում էջը Սեղմեք ԱՅՍՏԵՂ եւ տեսեք, թե ինչքան ճիշտ է այն կարծիքը՝ որ նրա «Ձենը տաք տեղից է գալիս»։
Եթե մի բան հիշենք կամ ավելանա՝ կտեղեկացնենք։
Խնդրում ենք էլեկտրոնային փոստով Վահրամ Սահակյանին անձնական կյանքի վերաբերող հարցեր չհղել։ Շնորհակալություն։ Vahram Sahakian
NANE show-ballet VRAERT.com |