«ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ» PDF Տպել Նամակ
Հեղինակ` Վահրամ Սահակյան   

 Բազում այցելուներ ցանկանում են առավել հստակ տեղեկանալ, (ինչպես հիմա շատ ընդունված է ասել)՝ մեր ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ մասին

     «ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ»

      Բազում այցելուներ ցանկանում են առավել հստակ տեղեկանալ (ինչպես հիմա շատ ընդունված է ասել)՝ մեր ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ մասին, հիմնականում՝ կապված վերջին իրադարձությունների հետ։

   «Նախ, որպես սկիզբ, կցանկանայինք, որ Դուք եւս մեկ անգամ  ծանոթանաք մեր հիմնական «դիրքորոշմանը» վերաբերող այս բաժնին։»

    Ինչ վերաբերում է վերջին իրադարձություներին, ապա հստակորեն կարող ենք հայտարարել, որ ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ուժի կողմնակից չենք, լինի դա ընդդիմադիր, լինի՝ իշխանամետ։

   Ցավոք, որոշ անձինք չեն կարողանում հստակ պատկերացնել դա։ Նրանց համար գոյություն չունի երրորդ կողմ։ Ընդհակառակը, նրանք ժողովրդին բաժանում են երկու մասին՝ «լեւոնականներ» եւ «սերժականներ», ինչն էլ կազմում էր հայ ժողովրդի մեջ ատելություն,  չարություն եւ վերջնական երկպառակություն ստեղծելու համար Տեր-Պետրոսյանի կողմից կատարված եւ կատարվող «գաղափարախոսության» հիմքը։ Կան նաեւ բազում մարդիկ եւ «լրագրողներ», որ  ցույցերի մասնակիցներին անվանում են ԺՈՂՈՎՈՒՐԴ, իսկ ոչ մասնակիցներին՝ դավաճաններ կամ հակաժողովրդական տարրեր։ Դա շատ վրդովեցուցիչ է։ Զարմանալի է նաեւ այն, որ եթե ոմանք անգամ ընդունում են երրորդ կողմի առկայությունը, ապա նրանց եւս անվանում են դավաճաններ, իշխանությանը քծնողներ եւ այն։

  Շատերը մեղադրում են բազում ստեղծագործողների, արվեստագետների, որոնք նախընտրական ժամանակահատվածում պաշտպանել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Հնարավոր է, որ նրանցից ոմանք, իսկապես դա արել են հաճոյանալու նպատակով, գուցե… Բայց չէ՞ որ չի կարելի բոլորին մի արշինով չափել։ Չմոռանանք նաեւ, թե  Հ1 անվանվող «հեռուստակայանում» աշխատող որոշ ստորախավ պնակալեզներ ինչպես են կրճատում եւ «ձեւավորում» մարդկանց խոսքը։  Այնպես որ, յուրաքանչյուր երեւույթ ունի իր երկրորդային, երրորդային, անգամ չորրորդային շերտը եւ կույր քննադատական վերաբերմունքը վայել է միայն անգործ անձանց, անգրագետ բամբասողներին, որոնց համար գոյություն ունի միայն իրենց ստեղծած կամ այդ պահին շատ տարածված ՄՈՏԵՑՈՒՄ անվանվող «կարծիքը»։

   Ոչ մի առողջ մտածողություն ունեցող անձ չի կարող հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները իդեալական են եղել Հայաստանի համար։ Ընդհակառակը՝ աճել է կաշառակերությունը, ալիգարխային համակարգը, ավելի է պրկվել անարդարությունների շղթան։ Բայց այդ ամենի վերացման եւ արդարությունը վերականգնելու համար՝ կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանի նման անարժան ու բախտախնդիր անձնավորության բարբաջանքների տարափի տակ՝ կնշանակի վերջնականապես խարխլել երկրի քիչ թե շատ կայուն վիճակը։ Ոմանք կարող են չհամաձայնել, բայց դա իրենց կարծիքն է, իսկ, ինչպես եւ իրենք են ասում՝ բոլորն իրավունք ունեն հայտնել սեփական կարծիքը։ Իսկ հենց նույն «սեփական կարծիքը» հայտնողները՝ այնպիսի հայհոյանքներով պարուրված պատասխաններ են ստանում, որ հստակ հասկանում ես, թե ուր տարավ Տեր Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից մշակված ատելության սերմացումը… ԵՎ Ո՞Վ Է ՎՍՀԱՀ, ՈՐ ՀԻՇՅԱԼ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԷՐ ԿԱՏԱՐՈՒՄ ՈՐՈՇ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՈՒՆ ԴՐԱԾ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՀՐԱՀԱՆԳԸ…  (ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՈՉ ԱՆՎՃԱՐ…)

   Արդյունքում՝ հայ ժողովուրդը մասնատված է, ամբողջ ինտերնետը լցված է ամենասարսափելի հայհոյանքներով ու սպառնալիքներով (ընդ որում, հիմնականում դա գրում են հենց ԼՏՊ-ի իշխանությունից ԱՄՆ եւ այլ երկրներ փախած մեր հայրենակիցները)։ Ու եթե նախկինում հայերը հայհոյում էին ադրբեջանցիներին, իսկ վերջիններս հայերին (ինչն էլ լրիվ անիմաստ զբաղմունք էր)՝ հիմա հայերն էլ, ադրբեջանցիներն էլ հայհոյում են հայերին։

   Իշխանություններն էլ, որ կարող էին (եւ պարտավոր էին) այս տարիների ընթացքում, բարեփոխումների, մարդկանց կենսամակարդակը բարելավելու միջոցով (կրկնում ենք՝ տարիների ընթացքում, այլ ոչ ընտրությունների նախօրեին) կանխել նման հակասությունները՝ ավելին, սկսեցին կրակի վրա յուղ լցնել, ավելի սրելով մարդկանց բացասական վերաբերմունքը դեպի կառավարությունն ընդհանրապես։

    Արդյունքում՝ Հայաստանը վերածվեց անկանոն, ինչ-որ տեղ ոստիկանական երկրի, եւ անհայտ է, թե որքան կտեւի նման իրավիճակը։

   Այնպես որ, նման իրադրության մեջ՝ ունենալ բողոքավորի կամ իշխանամետի դիրքորոշում՝ կնշանակի լինել ոչ թե սեփական գիտակցության, այլ ինչ-ինչ ուժերի գերին ու կամակատարը։

   …Եւ հավատացած եղեք, որ երրորդ կողմը գերիշխում է, եւ այսպես թե այնպես՝ ցանկացած պետության առաջընթացի որոշիչը համարվում է հենց նա՝ երրորդ կողմը, երկրի ուղեղը, առողջ մասը, այլ ոչ  իշխանությունները, նրանց քծնողներն ու հաճայախոսները կամ մշտապես բողոքավորները։

    Եթե կան անձինք, որ մեզ մեղադրում են (ինչպես իրենք են ասում) ժողովրդին զորավիգ չկանգնելու մեջ՝ ցանկալի կլիներ նրանց հիշեցնել, որ  ես կամ իմ ընկերները ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չենք ունեցել իշխանամետ ուղղվածություն, չենք եղել որեւէ կուսակցության, խմբավորման անդամ, կամ ինչ-որ գաղափարախոսության կատարողը, հպատակն ու գերին։ Ավելին, իմ բոլոր գրքերում եւ ներկայացումներով դաժանաբար քննադատվել են թե՜ տիրող կամ անցած կարգերը, եւ թե այն բացասական երեւույթները, որոնք խանգարում են մեր առաջընթացին, ստեղծում դժվարություններ, դառնում դժբախտության եւ արհավիրքի պատճառ (դրա վառ օրինակներից մեկն  է MEA CULPA տրագիկոմեդիան, որ սկսած 2002 թվականից խաղացվել է ավելի քան 250 անգամ)։

   Այս ամենի մասին կարելի է շատ գրել, բայց առայժ այսքանը։

 

Նորացված է ( Tuesday, 26 August 2008 )
 
Get Firefox!
Get QuickTime
 
© 2005, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.