ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ PDF Տպել Նամակ
Հեղինակ` Կարգադրիչ   

Image  Ստորեւ  կարող եք ամբողջությամբ ընթերցել Վ. Սահակյանի հարցազրույցը՝ «ԻՐԱՎՈՒՆՔ» շաբաթաթերթի «ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» հավելվածին։ (Հարցազրույցն անցկացված եւ տպագրված է սույն թվականի օգոստոսի կեսերին)

 

   

ՀԱՐՑ - Վերջին շրջանում ՀՀՇ-ական քարոզչամեքենան բավականին գունազարդումներով ներկայացնում է դրամատուրգ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ատրճանակով Հյուսիսային պողոտայում հայտնվելը: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, այնուամենայնիվ ՀՀՇ-ի թիրախ դարձած Վահրամն ինչո՞ւ է ատրճանակով գնացել ցուցարարների մոտ... Այս եւ մի շարք հարցերի մանրամասներն ու պարզաբանումը ստանալու ակնկալիքով դիմեցինք հենց Վահրամ Սահակյանին:
    - ՀՀՇ կոչվածի թիրախը միայն Վահրամը չի, սա մեկ։ Բոլորը, անգամ ոչ ընդդիմադիրները անընդհատ նշում են ու բղավում են այդ դեպքի մասին, բայց ոչ ոք չի խոսում, թե այս տարվա սկզբից ցայսօր՝ ատելության ինչպիսի խայտառակ դրսեւորումների, «մեղադրանքների» եւ մանավանդ հայհոյանքների տարափ ենք ստացել ես եւ իմ ընկերները՝ բազում ստեղծագործողներ, մտավորականներ։ Այդ ամենը եղել է ոչ միայն ցույցերի ժամանակ, ոչ միայն իրենց «մամուլ»-ով, այլեւ ինտերնետով, բջջային հեռախոսով, փողոցում եւ այլն։ Ես Հյուսիսային պողոտայով սովորաբար ես չեմ անցնում (իմաստ չունի), բայց այդ օրը պատահաբար անցա եւ ցուցարարների պառկավայրից քիչ ներքեւ, մի քանի թերհաս երիտասարդներ իմ հետեւից սկսեցին բազմապիսի հայհոյանքներ տեղալ, որոնց մեջ արծարծվում էր նաեւ ԼՏՊ-ի անունը, մոտավորապես՝ «ԼՏՊ-ն էս ինչ բանն անի քեզ»… լավ չեմ հիշում։ Նրանց հայհոյանքները վերաբերում էին ինձ, իմ ընտանիքին, հորս, մորս, երեխաներիս... Ես այդ պահին ոչինչ չարեցի ու սխալվեցի, որ ոչինչ չարեցի. անհրաժեշտ էր  դրանց ոստիկանության ձեռքը հանձնել։ Բայց ինձ շատ մտահոգեց, որ «խաղաղ» ցուցարարներից ոչ ոք, ոչ մի ձայն չհանեց: Չէ՞ որ նրանցից շատերը լսեցին դա։ Ես ահավոր գերհոգնած էի, եկա տուն շատ վատ տրամադրությամբ, խմեցի բժշկի նշանակած դեղը, որ քնեմ, բայց քունս չտարավ եւ որոշեցի գնալ եւ ուղղակի հարցնել, թե խաղաղ նստացույց անողներն ինչո՞ւ չմիջամտեցին հայհոյանքներին… Ու թող ասեն, թե ովքեր են այդ մշտապես հայհոյողները: Հյուսիսային պողոտա գնացի իմ ատրճանակով, որն ինքնապաշտպանության համար 2006-ին ոստիկանության կողմից ինձ տրված օրինական զենք է: Ճիշտ է զենքս մոտս էր, բայց այն հանելու մտադրություն չունեի:
Ասում են, թե ես եղել եմ հարբած վիճակում, դուրս եմ եկել «Հին Էրիվան» ռեստորանից, բայց դա էլ է սուտ. պարզապես մի քանի գիշեր չէի քնել ու կրկնում եմ՝ գերհոգնած էի: Երբ ցուցարարներին հարցրեցի՝ «Դուք Լեւոնական ե՞ք»։ Հարցրեցի, քանի որ հիմա անգամ Լեւոնը լեւոնական չի։ Ու ասացի, թող ցույց տան այն մարդկանց, ովքեր ինձ հայհոյում էին (հիշեցնեմ, որ քնաբեր դեղի ազդեցության տակ էի գնտվում), նրանցից ամեն մեկը մի բան ասեց` մեկն ասեց չգիտեմ, մյուսն ասեց` լավ են արել... Նրանց կողմից հարձակվողական միտում զգացի (իրենք սիրում են այդպիսի բաներ), բայց ես իրենց չեմ մեղադրում, որովհետեւ իզուր տեղը ես հանեցի իմ զենքն ու ասեցի. «չմոտենաք, որովհետեւ վատ կլինի»: Այդ ժամանակ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Վահրամ զենքդ տուր», ես էլ տվեցի: Հետո ինձ տարան ոստիկանություն, այնուհետ բժշկական քննության, արձանագրեցին, որ իմ վիճակս ծայրաստիճան վատ է։ Ատրճանակով 15-20 վայրկյան տեւած այնտեղ հայտնվելս սխալ էր, որի համար ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր վախեցել են:
    - Բայց ասում են, որ իշխանամամետ եք, դրա համար էլ կրակել եք կին ցուցարարների վրա:
    - Այդ ատրճանակն ընդհանրապես չի կրակում, փչացած է, այն ներկայացումների ժամանակ էլ չենք օգտագործում։ Նրա մեջ ընդամենը կային «խալաստոյ» փամպուշտներ։ Ու ես չեմ կրակել, ոչ էլ այնտեղ կին եմ տեսել: Դա շատ նման է, երբ մարտի 1-ին մի կին երեխայի կոշիկ էր հանել, թե իբր երեխա է զոհվել: Բայց դա հերիք է, որ խոսեն ու աշխարհով մեկ անեն։  Ինչ վերաբերում է իշխանամետությանը՝ դա ուղղակի անհեթեթություն է։ Ես իշխանություններից գրեթե ոչ ոքի չեմ ճանաչում, գիտեմ միայն վարչապետին, բայց որպես միայն հարեւան ու լավ մարդ: Եթե ես իշխանամետ լինեի կամ իշխանություններից ակնկալիքներ ունենայի, հիմա չէի ապրի կես սեյականոց նկուղում, ու չէի մտածի, թե էս ամիս ոնց պետք է տան վարձը եւ հունիս ամսին գնված լոլիկի պարտքը տամ։ Նրանք բոլորին բեւեռացնում են՝ կամ էստեղ, կամ էնտեղ, միջինը չկա։ Նրանց համար ներկա՛ էլ չկա, կամ՝ անկատար անցյալն է, կամ էլ՝ լուսավոր ապագան։ Իրենք պառակտվում են, ուրիշին էլ են ուզում պառակտեցնել… Ով պառակտված չի՝ դավաճան է։ Պառակտվածության միտումը, ցավոք, մեր արյան մեջ է ու դարերով քանդել, կործանել է մեր Հայրենիքն ու Պետությունը։
    - Ասում են նաեւ, որ Չարենցի օրինակին հետեւելով, մի կնոջ ոտքի եք կրակել...
    - Նախ Չարենցը ոտքին չի կրակել, այլ, կներեք՝ հետույքին, իսկ երկրորդ, եթե ասում են, որ Չարենցի օրինակին եմ հետեւել, եւ իրենք էլ Չարենց սիրում են ու իրենց համար Չարենցը լավ տղա է՝ ուրեմն ես էլ եմ լավ տղա, Չարենցի նման: Դա, իհարկե, այդպես չէ, ես իմ տեղը լավ գիտեմ:
    - Չնայած ես Ձեզ հետ հիմա Երեւանում եմ զրուցում, բայց Ձեր հակառակորդներն ասում են, որ Հայաստանում չեք, գնացել եք, գնացել եք արտասահման թմրամոլությունից բուժվելու ակնկալիքով...
    - Ես հավաստիացնում եմ,  որ կյանքում երբեք, ոչ մի թմրադեղ չեմ գործածել, անգամ քթիս միջնապատի վիրահատման ժամանակ ուզում էին պրոմիդոլ ներարկել, ես չթողեցի: Գուցե ժամանակ առ ժամանակ, երիտասարդ տարիներին շատ եմ գործածել  ալկոհոլ, բայց ոչ հիմա։ Պետք է Գերմանիա գնայի. անթոլոգիա է տպագրվում եւ այնտեղ կան հատվածներ իմ գրքերից, բայց գերմանացիների հավեսը չունեմ, թող Գերմանիա գնան այն մարդիկ, ովքեր երբեք չեն գնացել:
Ես ունեմ իմ կյանքը, իմ ընկերները, ընկերուհիներն ու համախոհները, որոնց հետ ժամանակս անցկացնում եմ լավ երաժշտություն լսելով, լավ գրականության մասին խոսելով, ոչ թե հյուսիսային պողոտայում հանգստանալով: Ինձ թվում է Հյուսիսային պողոտայում կարելի է նաեւ լողավազան բացել, որ այդ մարդիկ լողանան: Ի՞նչ են մտածում Սորուս պապիկն ու ընկեր Բուշը դրա մասին: Ես ուզում եմ Բերեզովսկուն նամակ գրել, որ էդ լողավազանի հարցերը անհապաղ լուծի, որովհետեւ մարդիկ մեղք են, էս շոգին թող մի քիչ էլ լողանան: Բայց ջուրը մտնելուց առաջ թող դուշ ընդունեն, որ էդ լողավազանը Ջրաշխարհի ճակատագրին չարժանանա։
    - Իսկ կարդացե՞լ եք «Հիմա» նախաձեռնության «Չհայեր» ցուցակը, որում նաեւ Դուք կաք:
    - Ես նման ինֆանտիլ տափակություններ չեմ կարդում։ Բոլոր երկրներում, միշտ էլ կա երիտասարդության մի հատված, որ ոչ սովորել է սիրում,  ոչ արվեստ,  ոչ գրականություն… Ընդհանրապես նրանք ոչ մի բան չեն սիրում, եւ նրանց կարելի է սովորեցնել միայն մի բան՝ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ։ Նրանք մեղավոր չեն, նրանց հանցագործ «ուսուցիչներն» են մեղավոր։ Երիտասարդության տեսակ կա, ող միշտ հեղափոխական միտումներ է ունենում, բայց կան մարդիկ, որոնք իսկապես զոմբիացված են եւ նրանց այլեւս ոչինչով չես փրկի: Եթե այս երիտասարդներն ապրեին նախորդ դարասկզբին Ռուսաստանում, կլինեին բոլշեւիկ, մենշեւիկ, էսսեռ, հետո՝ տրոցկիստ եւ այլ ԻՍՏ։  Իսկ այդ հեղափոխության արդյունքները տեսել ենք բոլորս։ Թող գրեն, ուրախանան, ինքնաբավարարվեն, բայց ինձ զայրացնում է, որ այդ շարժումը կոչել են «համաժողովրդական շարժում»: Համաժողովրդական շարժում եղել է 88-ին, երբ բոլորս, կրկնում եմ՝ բոլորս մեկ բան էինք ուզում, որն էլ իրականացավ ու այսօր անկախություն, Պետություն ունենք: Բայց հիմա այդ շարժումը որակել, որպես համաժողովրդական ծիծաղելի է. համաժողովրդական կարող է լինել այն շարժումը, ուր շարժվողները կազմում են 97 տոկոս, ինչպես, կրկնում եմ՝ 88-ին։ Թե չէ՝ ի՞նչ շարժում, մանավանդ, թող ցուցարարները չվիրավորվեն, բոլորս էլ գիտենք որ այդ ամբողջը կատարվում է դրսից եկած փողերով: Ու էդտեղ մարդը կորցնում է իր դեմքը, կինն առավել եւս, դառնում է չարության ու ատելության տոպրակ։ Մինչեւ հեռուստադուէլը՝ ես չէի լսել ազատության մարտիկուհի Մարինե Պետրոսյանի մասին… Որ խոսում էր երկու Հայաստան ունենալու, Ամերիկային ընդօրինակելու եւ այլ գերհետաքրքիր գաղափարների մասին։ Բայց հիմա մեկ-մեկ կարդում եմ, թե ինչեր է նա գրում, մանավանդ այնպիսի ստեղծագործողների հասցեին, որոնց ներկայացումներին, (ընդհանուրում) հավաքվում է այնքան մարդ, որ կլցնեն հինգ մատենադարան, քսան օպերայի բակ ու մի հիսուն Հյուսիսային պողոտա… Քոչարյանին ուզում եք տանել Հաագա, բա ձեր Բուշի՞ն ուր կհրամայեիք տանել, մադամ… Այն Բուշին, որի խղճի վրա են բազմահազար տղամարդկանց, կանանց եւ երեխաների արյունը, եթե նա ընդհանրապես խիղճ ունի, էդ թերհաս բլոճը։
…Այդ կինն ասես հեղափոխական հերոսուհու հիմնակերպարն է… Ժաննա Դը Արկը, Տերուան Դը Մերիկուրը, Նադեժդա Կոստանդինովնան, Ինեսսա Արմանդը, Ֆաննի Կապլանը, Ալեկսանդրա Կոլոնտայը եւ Մատա Հարին մի անձի մեջ։ Հա… Ու նա մի օր կդառնա հայ ժողովրդի Ինդիրա Գանդին, վստահ եմ… Դեհ, Ինդիրա-ն կարելի է հանել, բայց Գանդին ո՜նց է հնչում ու համապատասխանում… Ганди... Մի խոսքով։
Նստել, հավաքվել, բղավել՝ իրենց գործն է, ինչ ուզում են թող անեն, բայց թող հարգեն մեկ ուրիշի կարծիքը։ Տպավորություն կա, որ ամբողջ հայ ժողովուրդը իրենց պարտական է։ Բայց, եթե Աստված չանի ինչ-որ մի շենք փլվի կամ մի փողոց քանդվի եւ այդ ցուցարարների մեծ մասին խնդրես, որ մեկ օր գան-կառուցեն, չեն գա. իրենց համար  Հյուսիսային պողոտայում պառկելը վեր է ամեն ինչից…
Վերջերս կարդացի, որ 23 տարեկան մի պատանի, որի նկարն էլ կար թերթում (մի հսկա, 2 մետր հասակով), հացադուլ է արել եւ 3-րդ օրը «շտապ օգնության» մեքենա են կանչել: Ես ամեն տարի առոջղության համար մոտ երկու շաբաթ հաց չեմ ուտում ու 14-րդ օրը 100 կիլոյանոց сварочный аппарат եմ բարձրացնում 8-րդհարկ։ Հացադուլն, ընդհանրապես շատ օգտակար է, նախ բազում հիվանդություններ են բուժվում, երկրորդ՝ քաղաքական PR: Այդ թերթերն անընդհատ ստում են, ստում ու ստում, աղմուկ բարձրացնում։ Եթե մեկը կատակի՝ հարձակվում են վրան, սկսում լուտանքներ տեղալ, հայհոյել ու ատել, ատել, ատել բոլորին։ Հիմա ինձ ասեք. կարելի՞ է, արդյոք ինչ-որ բանի հասնել ատելությամբ։ Երբեք։ Ես հարգում ու սիրում եմ բոլորին անխտիր եւ ցանկանում եմ, որ նրանք էլ սիրեն իրար ու եւս մի ավելորդ անգամ չպառակտեն մեր ժողովրդին, ամոթ է։

ԱՐԳԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Նորացված է ( Thursday, 04 September 2008 )
 
Get Firefox!
Get QuickTime
 
© 2005, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.