ՀԻՄՆԱԿԱՆ arrow ԳՐԱԿԱՆ arrow ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ arrow ՀԱՏՈՒԿ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՏՈՒԿ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ PDF Տպել Նամակ
Հեղինակ` Վ. ՍԱՀԱԿՅԱՆ   

 Image

Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք, թե որքան կարեւոր բան է մարդու կյանքում սովաբուժությունը…

 

 

     Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք, թե որքան կարեւոր բան է մարդու կյանքում սովաբուժությունը։ Նա բուժում է բազում հիվանդություններ, անգամ քաղցկեղ, էլ չենք խոսում սուսանակի (триппер) մասին։ Բոլոր մեծանուն արտիստները տարվա մեջ չեն սնվում ավելի քան երկու շաբաթ, եւ դա նոր ուժ ու ավյուն է հաղորդում թե նրանց կեցվածքին, թե մտավոր կարողություններին եւ թե ընդհանուր սեռական կարգավիճակին։

     Սակայն, ցավոք կան մարդիկ (իհարկե, ոչ մեզ մոտ, հիմնականում Կուրիլյան կղզիներում եւ Պերուում), որ սովաբուժությունը շփոթում են հացադուլի հետ։ Շատերը (հիմնականում՝ Յեմենում, Թունիսում եւ Գոնդուրասում)՝ սովաբուժությունը համատեղում են հացադուլի հետ եւ իրենց շուրժ ստեղծում են աղմուկ, աղաղակ, մի խոսքով՝ ապահովիչ խեժապահպանակություն։ Ու հիմնականում, նրանք չեն ուտում ցերեկները, բայց գիշերները գիշատչաբար նախահարձակ են լինում ամեն տեսակի ուտելիքների վրա։ Ընդ որում՝ անշարժ եւ շարժվող։
      Այս ամենին վերջ դնելու համար, մենք կրկին առաջարկում ենք կալորիականության ծայրահեղ ցածր աստիճանի հասնող հատուկ ճաշատեսակներ հացադուլավորների համար։ Հիշեցնենք, որ գրեթե սույն բաղադրատոմսը Դուք կարդացած կլինեք մեր նախկին համարներում։ Բայց, կարծում ենք, որ չէր խանգարի եւս մեկ անգամ ընթերցել այն։ Դա հացադուլավորներին կստիպի ուտել ահավոր քիչ, մանավանդ, որ հիշյալ ուտելիքի տեսքն անգամ ախորժաբույր չէ։ Ագելին՝ այն վանող է եւ գրեթե իսպառ վերացնում է ուտելու ցանկությունն ընդհանրապես։ (ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՎԵՐԵՎՈՒՄ)

«Ուրեմն, մեր այսօրվա բաժինը նախատեսված է միայն եւ միմիայն հացադուլավորների համար։ Իսկ ի՞նչ է անհրաԺեշտ նման մարդկանց՝ պատրաստել արագ եւ որ ամենակարեւորն է՝ կալորիզուրկ եւ էԺան նախաճաշ։
     Գիտեմ, դուք կարող եք ասել, որ առաջին հերթին նրան անհրաԺեշտ է կապտադեղին իսլանդական թութակ, ծիրանագույն, փափուկ արջուկ կամ ոչ այնքան բարետես, բայց խրոխտ կին։
     Ոչ, բարեկամներս, ոչ։ Ընդամենն անհրաԺեշտ է, որ արթնանալուն պես, երկու-երեք, մաքսիմում՝ չորս րոպեի ընթացքում նա կարողանա իր համար պատրաստել մի փոքրիկ նախաճաշ հիշեցնող թերմացք, որպեսզի շտապ ներմուծի սեփական օրգանիզմն ու նետվի աշխատանքի՝ այսինքն կենտրոնական փողոցում պառկելու։
  Մենք կցուցադրենք, թե ինչպես կարելի է դա անել ամենապարզ, ամենահեշտ, ամենադյուրին եւ ամենամատչելի միջոցներով։
     Ի՞նչ է պետք դրա համար։ Ընտրում ենք ամենահամեստ կերակրատեսակը, որն անվանվում է «Լյո գղան մուլինյե»։
     Դրա համար, առաջին հերթին վերցնում ենք մի փոքրիկ, սովորական, 4-6 լիտր տարողությամբ թավա, մեջը լցնում ենք 236 գրամ բարսելոնյան "Maestro de Oliva" մակնիշի ձիթայուղ։ Եթե, ինչ-ինչ պատճառներով այն բացակայում է ձեզ մոտ, կարող եք գործածել նաեւ Iberica տեսակի ձիթայուղ, կամ ընտրել ամենասովորական "Acenorca" կամ "Bandolero" տեսակները։
     Եւ այսպես, ձիթայուղով պարուրված թավան դնում ենք ճապոնական ազգային Սաձուկո-սաձի-մուգա անվանվող կրակայրիչի վրա։ Որպեսզի ձիթայուղից արտամղվի քիմքին ոչ այնքան էլ   հաճելի ածխաջրերի բույրը՝ ավելացնում ենք մեկ թեյի գդալ 1979 թվականի բերքից ստացված, բայց հետագա տարիներին ոչ մի տեսակի բերքից չավելացված «Grand Champagne 1er Cru de Cognac»   կոնյակ, որն իհարկե, պետք է գնված լինի   (ավելորդ է անգամ ասելը),   Ֆրանսուա Պեյրոյի Ժառանգական ամրոցի մառաններից։
     Սպասելով տասվեց րոպե, ավելացնում ենք երկու թթու դրված կորնյուշոն եւ թողնում ենք, որպեսզի եփվի եւս տասյոթ րոպե։ Բայց, իհարկե, քանզի մեզ անհրաԺեշտ է արագ պատրաստել մեր համեստ նախաճաշը՝ այդ եփման տոնական արարողության պահին Ժամանակ չենք կորցնում եւ ահա այսպիսի սիրունազարդ դանակի միջոցով սկսում ենք նրբորեն կտարտել հարավշոտլանդական Վերի Սոֆտ ՇԻՓՍ մսագործական ֆիրմայի կողմից մատակարարված Լիթլ Գոաթ ցեղախմբին պատկանող Դունամփ տեսակի նորածին այծի լեզուն։ Ահա։ Մինչեւ թավայում զետեղելը, միսն անտարակույս թաթախում ենք Հարավօվկիանոսյան ջրերի թռչող ձկան խավիարի կիսաթափանցիկ պնակում, այնուհետ, անմիջապես, ես կասեի անհապաղ (չէ՞ որ մենք շտապում ենք, isn't it?), միսն անցկացնում ենք ՊԱՌՄԵԶԱՆ պանրով եւ տապակած մանանեխային ՌՈՒԿԿՈԼԼԱ սալաթի համար նախատեսված թերթիկներից բաղկացած հյութով լցված ավելի քան կիսաթափանցիկ պնակի մեջ, պահում ենք տասից-տասներկու րոպե եւ զգուշորեն միսը դնում ենք թավան։ Հեշտ, պարզ եւ արագ, ինչպես ամեն հանճարեղը։
     Ուրեմն, սիրելի հացադուլավորներ՝ միսը սկսում է եփել։ Եփելու ընթացքում, որը պետք է տեւի երեսունից քառասուն րոպե՝ մսին թողնում ենք հանգիստ, ոչինչ չենք, անում, ոչ մի բան չենք ավելացնում, իհարկե, ՈՒՆԱԳԻ սոուսի վերնահյութից, խաշած բուլղարական պղպեղից, պանրային Բուկա սուֆլեից, Բոկ տեսակի մրգահյութերի տեսականուց եւ տայլանդական Սինձու հավատեսակի կրծքամսի հյութից բացի։

Դեհ, իհարկե, մենք չենք մոռանում նաեւ մեր կերակրատեսակի հետ մատուցվող հատուկ սալաթի մասին, որի բաղադրությունը բոլորս էլ լավ գիտենք, ահա այն՝

Image 
     Մի խոսքով… Տեսնելով, որ կերակրատեսակի եփման տոնական արարողությունը մոտենում է իր հաղթական ավարտին,   բացում ենք թավայի ապակե վերնամասը եւ իհարկե, ավելացնում ենք կես գավաթ Շարդոնե մակնիշի ԲոԺոլե ընտանիքի գինի, եւ վերջ, ձեր համեստ նախաճաշը պատրաստ է։ (ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՄԵՆԱՎԵՐԵՎՈՒՄ)
     «Լյո գղան մուլինյե» կերակրատեսակի հետ խորհուրդ է տրվում ըմպել սովորական ՌԵԴ ԲՈՒԼ ԿՈՄՊԱՐԻ,   իսպանական Կավա Բրուտ Ռեսերվա կամ ամենասովորական Բանյուլս Կավ ԼԷտուալի արտադրության, 1989 թվի բերքից ստացված Բանյուլս Գղան Քղյու գինի։ Չմոռանանք, որ նախաճաշելուց եւ գինին ըմպելուց հետո անպայման անհրաԺեշտ է մեկնվել բազկաթոռին, Mark Lewison մակնիշի բարձրախոսներով ունկընդրել Լուչիանո Պավարոտտիի Մամա Միա երգը եւ ընթացքում ըմբոշխնել Հոյո դե Մոնտերեյ կամ Կոհիբա տեսակի կուբայական սիգարներ։
     Այսքանը…
     Հա, եթե դուք կարողանաք ինչ-որ կերպ, ինչ-ինչ միջոցներով, որեւէ խանութից հայթհայթել Գրեչկա մակնիշի ձավարատեսակ՝ ապա վերջում, անպայման այն ավելացրեք գրեթե եփված «Լյո գղան մուլինյե»-ի մեջ։
    Այ, միայն դրանից հետո՝ Դուք հանգիստ խղճով կարող եք գնալ հացադուլի։

   ՀԳ. Հացադուլի ընթացքում նույնպես կարող եք օգտվել այնպիսի թեթեւագույն ուտելիքներից, ինչպիսին, ասենք՝ ամենասովորական, խորհրդային տարիների բորշչն է, մոտավորապես այսպիսինը, ուղղակի սովորական լոլիկաջուր…

 Image

 

Եւ այսպես՝ առաջ դեպի հացադուլ։

 

Նորացված է ( Thursday, 11 September 2008 )
 
Get Firefox!
Get QuickTime
 
© 2005, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.