|

Եթե նախագահական ընտրությունների արդյունքներով արձանագրվեց, որ մեր երկրում ապրում է 350 հազար ամնեզիայով տառապող մարդ...
Եթե հաղթանակը 100 տոկոսանոց չէ, ուրեմն…
Եթե նախագահական ընտրությունների արդյունքներով արձանագրվեց, որ մեր երկրում ապրում է 350 հազար ամնեզիայով տառապող մարդ, ապա այս առումով Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ավելի քան հուսադրող են, քանզի Տեր-Պետրոսյանի թիմի օգտին քվեարկող` ամնեզիայով տառապողների թիվը շուրջ երեք անգամ նվազել է (անկախ հանգամանքից, որ սրանք համապետական ընտրություններ չէին): Թեպետ, եթե հաշվի առնենք արմատականների «սխրագործությունը», որոնք զանգվածային անկարգություններ կազմակերպելով` «Մարտի 1» սարքեցին, դրանից հետո Երևանի ավագանու ընտրություններում երրորդ հորիզոնականը զբաղեցնելու փաստը, դարձյալ վրդովեցուցիչ է: Սակայն ոչինչ անել չես կարող, մանավանդ, որ մեկ տարում հնարավոր չէ ամնեզիայով տառապողների թիվը զրոյացնել, ինչին հասնելու համար իշխանություններն առանձնապես չջանացին, որոնք կարող էին անցած մեկ տարվա ընթացքում այնպիսի գործունեություն իրականացնել, որը կնպաստեր խելագար լևոնապաշտների բանակի շեշտակի նվազեցմանը: Բայց եղածը` եղած է և ի ցավ առողջ մեծամասնության բոլորս ստիպված ենք էինք հաշտվել Երևանի «խորհրդարանում» Տեր-Պետրոսյանի կոնգրեսի ներկայության փաստի հետ: Սակայն, պարզվում է, հեղափոխականները ոչ մի կերպ չեն հաշտվում այս փաստի հետ: Ախր մինչև մայիսի 31-ը պոռոտախոսում էին, թե հունիսի 1-ին ազատագրելու ենք Երևանը, երևանցիները դառնալու են ազատ քաղաքացիներ, «մեր դեմ խաղ չկա»` գրավելու ենք Բաստիլը, ինչով արձանագրելու ենք մեր հաղթանակի վերջի սկիզբը: Իսկ վերջնական հաղթանակը համարում էին ռեժիմին քշելը և Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելը: Եվ ահա, շուրջ 100 հազար ձայնի տիրանալով, մաքսիմում ծրագրի իրականացումը դառնում է ֆանտաստիկա: Չէ, իհարկե, երրորդ հորիզոնականում հայտնվելը Տեր-Պետրոսյանի և նրա թիմի համար լավ արդյունք է` իրենց հետագա պայքարին նոր թափ հաղորդելու առումով; Եվ երեկվանից արդեն սկսել են ոռնոցը ոչ ժողովրդավարական ընտրությունների, «իշխանությունը գողանալու» և այլնի մասին; Եթե մեկը կա, որ հավատում էր, թե Տեր-Պետրոսյանը գնալու է ու Գագիկ Բեգլարյանի «թաթի տակ» ավագանու անդամ աշխատի, ուրեմն, ներեցեք, նա հիմար է: Ինչ վերաբերում է կոնգրեսի ցուցակի երկրորդ և երրորդ համարներին` Ստեփան Դեմիրճյանին ու Լևոն Զուրաբյանին, ապա, վստահ ենք, որ սրանք էլ կհրաժարվեն մտնել Երևանի «խորհրդարան»: Ոչ միայն այն պատճառով, որ Դեմիրճյանն ու Զուրաբյանը ոչ մի բանի պիտանի չեն, այլև նրա համար, որ կոնգրեսն իր ցուցակը կազմելիս ի սկզբանե մտածել է այդ մասին: Եթե մեծամասնություն չեն լինելու կամ առնվազն 100-տոկոսանոց հաղթանակ չեն արձանագրելու, ուրեմն իրենք Երևանի «խորհրդարանում» անելիք չունեն: Այնպես որ, հավանաբար քաղաքային իշխանությանը մաս կազմելուց կոնգրեսը կհրաժարվի ընդհանրապես: Մինչ մենք շարադրում էինք այս ենթադրությունները, երեկվա հանրահավաքում մեր կանխատեսումները իրականացան: Կոնգրեսը հայտարարեց Երևանի ավագանու խորհրդում մանդատները վայր դնելու մասին: Դե ինչ, իսկապես, շնորհավորում ենք հայ ժողովրդին; Սրանք ինչքան շատ բացակայեն, այնքան երկիրն ու պետությունը կշահի: Իսկ, որ Տեր-Պետրոսյանը 2007-ից ի վեր` երկրորդ գալստյան պահից սկսած, հետևողականորեն խաղում է միմիայն «բոյկոտի» լարի վրա, դա ներկայացնելու հարկ չկա: Քանզի թե՜ թուղթն է ափսոս և թե՜ ժամանակ չունենք: Միայն հիշեցնենք, որ «Մարտի 1-ից» հետո իշխանությունների` երկխոսություն սկսելու բազմաթիվ առաջարկները մերժելուց, ժամանակավոր հանձնաժողովում և Հանրային խորհրդում աշխատել հրաժարվելուց սկսած մինչև այսօր սրանք ամեն ինչ բոյկոտում են: Հույս ունենք, որ մի օր էլ ժողովուրդը, վերջապես, կսթափվի և միասնաբար կբոյկոտի պիտանելիության ժամկետը կորցրած անձերով համալրված արմատական կոնգրեսը: «ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ» |