ՀԻՄՆԱԿԱՆ arrow ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ arrow ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ arrow …ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
…ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ PDF Տպել Նամակ
Հեղինակ` ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ   

Հատված «ԳԵՐՈՆՏՈՖԻԼԻԱՅԻ ԵՎ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ԱՆՊԵՏՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» հոդվածից

Հայերը, ինչպես որ կուռքերի և հերոսների դասին են կարգում ծայրահեղ բացասական քաղաքական գործիչներին....


Հայերը, ինչպես որ կուռքերի և հերոսների դասին են կարգում ծայրահեղ բացասական քաղաքական գործիչներին (ընդ որում՝ որքան վնասաբեր է անձը, այնքան ավելի են պաշտում), նույն կերպ էլ վարվում են հոգևոր ոլորտում: Ստեղծում են արհեստական հեղինակություններ՝ գրականության, գիտության և մշակույթի ասպարեզում: Բայց խնդիրն այն է, որ մտածողը (բանաստեղծ, նկարիչ, կոմպոզիտոր, գիտնական) ազգի խիղճն է: Նրանով են դատում ազգի մասին, և նա է ազգի չափանիշը: Եթե ցանկանում ենք պատկերացնել, թե ովքեր էին գերմանացիները 18-19-րդ դդ. կամ հայերը 11-րդ դարում, ապա բավական է տեղեկանալ, թե ովքեր էին Հեգելը, Բեթհովենը, Գյոթեն, Նարեկացին: Պատկերը լիովին ամբողջանում է: Նրանք բոլորն էլ ապրել են իրենց ժողովուրդների ճակատագրով ու ձգտումներով, ցույց են տվել զարգացման իրական ուղիները, բայց, ամենակարևորը` ստեղծել են բարոյական կողմնորոշիչներ: Ի՞նչ ունենք այսօր Հայաստանում: Մի քանի ականավոր անձանց օրինակով փորձենք հասկանալ, թե ուր է գլորվել ազգը՝ անկախություն ձեռք բերելով:
Հրանտ Մաթևոսյան – մեծ գրող, եթե չասենք՝ խոշոր: Համենայն դեպս անցյալ դարի երկրորդ կեսի լավագույն արձակագիրն էր: Հայկական Շուկշին դառնալու համար նրան շատ քիչ բան էր պակասում: Մաթևոսյանին, ով արտասովոր անկեղծություն (իսկ դա, ըստ Տոլստոյի, առաջին անհրաժեշտությունն է ստեղծագործողի համար) և մտածելու կարողություն ուներ, այնուամենայնիվ չի կարելի անվանել ժողովրդին օգտակար ուսուցիչ: Նրանից մեծ վնաս էր բխում, քանի որ մարդը նպաստում էր երկրում սերիական սպանություններին՝ կոչ անելով հարգել սերիական մարդասպաններին: Մարդիկ պետք է հիշեն, թե ինչպես էր Մաթևոսյանը 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրծքով պաշտպանում Վանո Սիրադեղյանին, ասում էր` չի կարելի այդ տղային դուրս թողնել մեծ քաղաքականությունից, պետք է նրան սատարել: Եվ դա ասում էր` հրաշալի գիտակցելով, որ Սիրադեղյանի խղճին դիակների սարեր և մարդկային ու ազգային ողբերգություններ են ծանրացած: Այնուհետ` Տիգրան Մանսուրյան: Այսօր, Ավետ Տերտերյանի մահից հետո, նա առաջին դեմքն է հայկական կոմպոզիտորական դպրոցում: Նա նույնպես կողմնորոշիչ է, ակամայից և իր կոչման բերումով ստեղծում է բարոյական չափանիշներ: Եվ ի՞նչ: Մանսուրյանը նույնպես իրեն չի պատկերացնում առանց սերիական մարդասպանների, առանց մարդակերների, առանց բռնության, լիովին նվիրվել է ֆյուրեր Տեր-Պետրոսյանի «համազգային» շարժմանը, իրեն թույլ է տվել կանգնել այնպիսի նողկանքների կողմքին, ինչպիսիք են Ջհանգիրյանը և Սաղաթելյանը, Մանվելն ու Սեյրանը: Հարց է ծագում. քաղաքակիրթ գոյության և բարձր բարեկեցության իրավունք ունի՞ արդյոք մի ժողովուրդ, որի «խիղճը» ողջունում է սերիական սպանություններ, բռնություն և կամայականություններ: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են, իսկ պատասխանն՝ ակնհայտ…
Հայտնի է, որ մտածող հանրությունը` մտավորականությունը, հասարակության ավանգարդն է: Նա ազդեցիկ է ամենուրեք. իրականում որոշում է պետության քաղաքականությունը՝ նույնիսկ եթե պասսիվ է ու իներտ: Այսպես՝ սկսած անցած դարի 90-ականներից` Հայաստանն ապրել է ծանր ողբերգություն՝ Տեր-Պետրոսյանի կառավարումը: Եղավ և՜ «սպիտակ» եղեռն, և՜ հայի հանդեպ հայի բռնություն, և՜ հայի կողմից համահայկական ունեցվածքի կողոպուտ, և՜ խայտառակ ու ողբերգական այլ դեպքեր: Չգտնվեց մեկը ազգի համընդհանուր «խղճից», որ ասեր. «Պարոնա՜յք վազգեններ ու սյամոներ, մանվելներ ու սեյրաններ, ի՞նչ եք անում: Դադարեցրեք խեղճ ու կրակ ժողովրդի սպանդը, այդ ժողովուրդն, այնուամենայնիվ, ձերն է: Արժե՞ր, մի՞թե սպանել ոսոխին ռազմաճակատում, եթե դրա գինը սեփական ժողովրդի բնաջնջումն է»:
Ինչո՞ւ էր լռում Հրանտ Մաթևոսյանը, երբ ղարաբաղցիները ստիպված Ստեփանակերտից տարհանում էին իրենց գեղեցիկ դուստրերին, որ ազգային հերոս Սյամոյի անարգանքի զոհ չդառնան, իսկ Մանվելն ահաբեկում էր մի ողջ մարզ: Եվ ինչո՞ւ է այսօր Տիգրան Մանսուրյանը Տեր-Պետրոսյանի համախոհը դարձել: Քի՞չ էր, որ այն ժամանակ աչք էր փակում սեփական ժողովրդի բնաջնջման վրա, հիմա էլ ձգտում է վերականգնել հայի հանդեպ նախկին բռնությո՞ւնը: Արդյո՞ք իրավունք ունենք բողոքել պետությունից և նրա իրավապահ մարմիններից, թե իրենց գործը չեն արել, երբ այդ ողբերգությունները բնավ չեն հուզում «ազգի խղճին»: Իսկ եթե «խղճին» չեն հուզում, ինչո՞ւ պետք է հուզեն, ասենք, «միլիցիոներներին»:
Մի խոսքով՝ Հայաստանը դժբախտ երկիր է: Իսկապես դժբախտ է այն ժողովուրդը, որի ավանգարդին չի հետաքրքրում նրա ճակատագիրը, ձգտումներն ու հույսերը, նրա ապագան ու ներկան: Դժբախտ է այն ժողովուրդը, որի ավանգարդն ապրում է իր խնդիրներով, մտածում՝ ինչպես անի, որ ավելի շատ կոչում ու մրցանակ ստանա և ավելի հարմարավետ տեղավորի իր ապաշնորհ ֆավորիտներին: Հետաքրքիր է՝ ո՞ւր կհասնի Հայաստանը այս ուղին շարունակելով:
Նորացված է ( Wednesday, 29 July 2009 )
 
← Նախորդը   Հաջորդը →
 
© 2005-2010, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.