ՀԻՄՆԱԿԱՆ arrow ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ arrow ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ arrow ՈՉ ՄԵԾ, ԲԱՅՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ՄԵԾ, ԲԱՅՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ PDF Տպել Նամակ
Հեղինակ` ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆ   

 Image

Որքան էլ խոսեն արդարադատության, նրա արդարացիության, դատական համակարգի առողջացման մասին, միևնույն է, գործը մեռյալ կետից չի շարժվի, քանի դեռ Հայաստանում գործում է ներկա ընդդիմությունը, իսկ իշխանությունը տարրական սկզբունքայնության բավարար վճռականություն և կամք չունի: Խոսքը բավական զզվելի երևույթի մասին է, որը թունավորում է երկրի մթնոլորտը...

Որքան էլ խոսեն արդարադատության, նրա արդարացիության, դատական համակարգի առողջացման մասին, միևնույն է, գործը մեռյալ կետից չի շարժվի, քանի դեռ Հայաստանում գործում է ներկա ընդդիմությունը, իսկ իշխանությունը տարրական սկզբունքայնության բավարար վճռականություն և կամք չունի: Խոսքը բավական զզվելի երևույթի մասին է, որը թունավորում է երկրի մթնոլորտը:

Օրերս «սպարապետի» եղբայրը` Արամիկ Սարգսյանը, հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ շարունակում է կասկածել նրանց, ում առաջ էլ էր կասկածում: Այնպես որ` պ-ն Սարգսյանի մտավոր զարգացման մեջ ոչ մի առաջընթաց չենք նկատում. մարդը 10 տարում նույն մակարդակին է մնացել: Բայց հետո արդեն ասում է այն, ինչը մեզ մղում է օրենսդրական նախաձեռնությամբ դիմել Ազգային ժողով: Մի խոսքով` երիտսպարապետն ասում է հետևյալը. «Եթե խոսքը վերաբերում է եղբորս՝ Վազգենին, ապա Վազգենին հարգող մարդիկ, լինեն իր կուսակիցները կամ կուսակցության նախագահը, Վազգենի ընկեր Մուշեղ Սաղաթելյանին, Սասուն Միքայելյանին և մնացած տղերքին, ովքեր Վազգենի հետ պատերազմ են անցել, սեփական տեսակետը հայտնելու համար բանտ չէին նստեցնի: Վազգենին հարգելու ձևը դա է, մնացածը կեղծ է ու թատրոն: Ու ես այս թատրոնին չեմ մասնակցում»: Այն, որ Մուշեղ Սաղաթելյանը սերիական մարդասպան է (միայն Սովետաշենում նրա հաշվին 14 սպանություն կա, ինչի մասին փաստարկված զեկուցել ենք գլխավոր դատախազին, որից այդպես էլ ոչ մի արձագանք չի ստացվել), իսկ Սասուն Միքայելյանը` մեկը, որի մոտից մի ամբողջ դիվիզիայի զենք ու զինամթերք են առգրավել (Արամիկ Սարգսյանն ի վիճակի չէ հասկանալ, որ դա, մեղմ ասած, հակաօրինական է), միանշանակ է և անվիճելի: Գոնե նորմալ մարդկանց համար: Բայց այդքան արտասովոր կարծիքներին, որ հնչեցրել են Սարգսյանն ու նրա զինակիցները, համամիտ են ավելի ու ավելի շատ մարդիկ: Սա մեզ հիմք է տալիս մտածելու, որ հայրենական ընդդիմությունն իր համար մի բան է պահանջում. իրավական դաշտից դուրս գոյություն, այսինքն` նրա քաղաքական գլխավոր պլատֆորմը Հայաստանի քաղաքացիների տեսակավորումն է հարիֆների (այսինքն` սովորական մարդկանց, որոնց և՜ կբռնեն, և՜ կնստեցնեն իրավախախտումների համար) և ընտրյալների (այսինքն` Իրենց` լիբերալ և դեմոկրատ «ընդդիմադիրների»):

Այս առնչությամբ առաջարկում ենք քննարկել և ընդունել ՀՀ օրենք «Սպարապետ Վազգենի, նրան հարգելու և պաշտելու, նրա ընկերների կարգավիճակի» մասին: Օրենքում ճիշտ կլիներ Վազգենի ընկերներին օրենսդրորեն իրավական իմունիտետ տրամադրել: Ասենք՝ նրանցից յուրաքանչյուրի համար սահմանել Հայաստանի քաղաքացիների գլխաքանակ, որոնց սպանության համար քրեական հետապնդում չի լինի: Սահմանել նաև զենքի ու զինամթերքի այն քանակությունը, որը Վազգենի ընկերները կարող են հանգիստ տնօրինել և օգտագործել իրենց հայեցողությամբ Հայաստանի քաղաքացիների առաջին կարգի (այսինքն` հարիֆների) հանդեպ բռնության համար` շրջանցելով օրենքն ու քրեական օրենսգիրքը:

Անշուշտ, այսպիսի օրենքի ընդունումը պահանջված է և միանգամայն տեղին կլիներ: Եթե պետությունը «սպարապետի» եղբորը մի քանի տարով «բանտ» է ուղարկում (իրականում` Սարգսյան-կրտսերի բանտարկության առողջարանային պայմաններին ցանկացած տուրիստ կնախանձեր) հայտնի գործչի սպանության համար, այն դեպքում, երբ Սովետաշենում ցմահ բանտարկվածների առնվազն կեսը դատապարտված է, մեղմ ասած, չափից ավելի և օրենքի խախտմամբ, ապա այն (պետությունը) պետք է տարրական անկեղծություն ցուցաբերի և օրինականացնի այն, ինչը դե ֆակտո կա իրականությունում:

Իսկ Արամիկ Սարգսյանը, ինչպես միշտ, սխալվում է: Նա մինչև հիմա չի հասկացել, որ Մուշեղ Սաղաթելյանն այսօր երեխայական չարաճճիության համար նստած է այն պատճառով, որ ժամանակին «սպարապետի» ընկերն էր, այլապես չէր խուսափի առավելագույն պատժաչափից...

Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է Վազգենի ընկերների անհատական կազմին, ապա այդ առաքելությունը օրենքում կարելի է դնել հանգուցյալի ընտանիքի վրա: Ո՞վ կարող է ավելի լավ իմանալ, թե ով էր Վազգենի ընկերը, իսկ ով` ոչ:

«ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ»

Նորացված է ( Friday, 30 October 2009 )
 
← Նախորդը   Հաջորդը →
 
© 2005-2010, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.